Ինչպե՞ս ճիշտ խնամել տանիքը ձմռանը
Տանիքի ձմեռային խնամքին հարկավոր է նախապատրաստվել աշնանից, քանի դեռ առատ անձրևները չեն փոխարինվել առատ ձյունով, իսկ անձրևաջրերի հոսքը՝ սառցալուլաներով: Պետք է հիշել, որ տանիքի ծածկերը կարող են դեֆորմացվել ու վնասվել ձյան հաստ շերտի ծանրությունից, ձնհալի ջրերի կուտակումների առաջացրած խոնավությունից և այլն: Այս ամենը ոչ միայն կրճատում է տանիքի ծածկերի շահագործման ժամկետը, այլև առիթ դառնում, որ խոնավությունը ներթափանցի շինություն՝ վնասելով ինտերիերն ու անհարմարություն պատճառելով բնակիչներին:
Եվ այսպես, ինչպիսի՞ միջոցառումներ է պետք ձեռնարկել տանիքի ծածկերի ձմեռային խնամքի համար
Ջրահեռացման համակարգի տեղադրում
Ջրահեռացման համակարգ նախագծելը և տեղադրելը կարևոր նախապայման է ձմռանը չոր տանիք ունենալու համար: Անձրևից ու ձյան հալոցքից գոյացած ջրերը ջրատար խողովակների միջոցով հոսում են դուրս և ապահովում տանիքի չոր մնալը:
Ձյունարգելների տեղադրում
Տանիքին գոյացած ձյան հաստ շերտը հալչելիս սովորաբար սկսում է սահել դեպի ներքև և մեծ զանգվածներով թափվում ցած: Սրա հետևանքները կարող են ծանր լինել՝ վնասել անցորդներին, կայանված ավտոմեքենաները կամ ներքևում գտնվող այլ գույքը: Այս ամենը կանխելու համար հարկավոր է տանիքին տեղադրել ձյունարգելներ: Վերջիններիս կառուցվածքը բավական պարզ է՝ սովորաբար դրանք զուգահեռ տեղադրված պողպատյա երկու ցինկապատ խողովակներ են, որոնք ձյունը հետ են պահում տանիքի եզրից և թույլ չեն տալիս սահել մեծ զանգվածներով: Արդյունքում ձյունը հալչում է կամաց-կամաց և դուրս թափվում ջրահեռացման համակարգով:
Ջերմամեկուսացում
Ինչքան էլ խոնավությունը հեռանա ջրատար խողովակներով, միևնույնն է, ցուրտ եղանակներին տանիքի վրայի նույնիսկ ամենափոքր խոնավությունը դառնում է սառցաշերտի գոյացման պատճառ, եթե տանիքը ներսից ջերմամեկուսացված չէ: Տանիքի սառցակալումը կանխելու կամ հնարավորինս նվազեցնելու նպատակով հարկավոր է ձեռք բերել ջերմամեկուսիչ նյութեր և զբաղվել տանիքի ջերմամեկուսացմամբ: Ջերմամեկուսիչ նյութերը նաև ջրամեկուսիչի դեր են կատարում՝ թույլ չտալով, որ խոնավությունը ճեղքերով թափանցի ներս:
Տանիքի մաքրում
Ջրահեռացման համակարգի ու ձյունարգելների տեղադրումից, ջերմամեկուսացումից բացի ձմռանը նախապատրաստվելիս անհրաժեշտ է մաքրել տանիքն ու ջրատար խողովակները, քանի որ տանիքին կուտակված աղբը աշնանն անձրևաջրերի հետ լցվում է ջրատար խողովակների մեջ ու խցանում վերջիններս: Երբեմն էլ թռչուններն են բույն դնում խողովակների մեջ և դարձյալ դառնում խցանման պատճառ: Արդյունքում ձնհալից գոյացած ջրերը կուտակվում են տանիքին, վնասում տանիքի ծածկը, պատերի ճեղքերով ներթափանցում շինության ներս:
Թեև վերը նշված բոլոր նախապատրաստական աշխատանքները նպաստում են ձմռանն ապահով տանիք ունենալուն և թեթևացում տանիքի ծածկերի խնամքի հետ կապված հոգսերը, այնուամենայնիվ, ձմռանն անհրաժեշտ է հետևողական լինել և հնարավորության դեպքում մաքրել տանիքին կուտակված ձյունը՝ հետևելով անվտանգության կանոններին: